38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ձայն` տրված Սիլվա Յուզբաշյանին` Համո Սահյան և Վահագն Դավթյան կարդալու համար

Ձայն` տրված Սիլվա Յուզբաշյանին` Համո Սահյան և Վահագն Դավթյան կարդալու համար
24.04.2009 | 00:00

ԼԵԶՎԻ, ԲԱՌԻ, ԵՐԳԻ... ՀԻՆՆ ՈՒ ՆՈՐԸ Ո՞ՐՆ Է
Եվ ոչ միայն Համո Սահյան, Վահագն Դավթյան... «Նա` ՍԻԼՎԱ ՅՈՒԶԲԱՇՅԱՆԸ, հայ քնարերգության մարգարիտները շաղելու մեր կալ ու կամվորն է, որն ընտրած բանաստեղծի հետ հավասար քաշում է մեր բառագանձարանի արծաթղողանջ լուծը»։ Ապրիլի 15-ին` Համո Սահյանի ծննդյան 95-ամյակի օրը, «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում հայոց բառ ու բանի նվիրյալներին սպասում էր ոչ միայն առլեցուն երեկո, այլև, ասես, ուխտագնացություն դեպի բառի, գույնի, ձայնի խորքերը, որն ունի մի անուն` հայրենիք, հայրենի եզերք։ Վահագն Դավթյանը ծննդավայր` Արաբկիր, Եփրատ երգեց, բառի մեղեդին հենց Եփրատից վերցրեց, բայց կորուսյալ չկոչենք ո՛չ Վարուժանի, ո՛չ Սիամանթոյի, ո՛չ Մնձուրու, ո՛չ Դավթյանի և ո՛չ մի գրողի օրրանը։ Համո Սահյանը Լոր ու Որոտանի բարբառին իր բարբառը խառնեց, ու հասկացանք, որ տունը, գյուղը, գետը, մասրենին, Գյազբելը, Իշխանասարը, բանաստեղծը նույն լեզվի մերանի ծնունդ են` նույն արմատից սնված։ ՈՒրեմն` լեզվի, բառի, երգի... հինն ու նորը ո՞րն է։ ՈՒ մի օր Վահագնի Եփրատից Համոյի Որոտան մնացած եզերքում նույն Համոն իր ծանրախոհ գլուխը պիտի դնի նույն Վահագնի կրծքին ու պիտի լսի հեռուներից թռած-եկած մի տող` ես` աշխարհում իմ կորած, դու` քո կորչող աշխարհում... Մինչև բառը տող դառնա, տողը` բանաստեղծություն, բանաստեղծությունը` գույն ու ձայն, սեր ու կարոտ, աղոթք ու հավատ։
Տասնամյակներ շարունակ մայր հայրենիքում ու սփյուռքահայ գաղթօջախներում լոկ բեմեր չէ, սրտեր նվաճած, հոգիներ նվաճած Սիլվա Յուզբաշյանը, ինչպես ասում են, դարձել է ասմունքի ընտիր ճորտ ու քերական` մեր լուսասերմ պոեզիայի (նաև` արձակ, նաև` տրվելով անուշ հուշերին) ընտիր շեղջերը շաղելով մեր մտքի սև ցելերում։ Ասմունքողի ձայնն անկեղծությունն է, նա իրավունք չունի պճնելու, անգամ ոսկե կոճակ շարելու թեկուզ մերկ թվացող բառերին։ Եվ անկեղծությամբ նվաճում է էն բարձունքը, որ իրավունք է տրվում հեղինակակից կոչվել թեկուզ անմոռաց մի պահով, դառնալ հիշողություն, նվաճել ունկնդրի սիրտը։ Այս անգամ մեր բանաստեղծներին իրենց արձակով օգնություն հասան Դերենիկ Դեմիրճյանը («Հայը»), Վիլյամ Սարոյանը («Հայը և հայը»)։
Գրական 50 տարվա մտերմություն-եղբայրություն ունեին Սահյանն ու Դավթյանը, երկուսն էլ` մեծ հայրենականի զինվոր, ամբողջ կյանքում` գրականության, լեզվի, մայր Հայաստանի զինվոր։ Նրանց մեջ արթուն մնաց զինվորը։ Ահա Սահյանը.
Որտեղի՞ց այսքան ցավ ու թախիծ,-
Քարեր են փշրվում սրտիս վրա...
Գույժեր են գալիս Ղարաբաղից,
Սարեր են փշրվում սրտիս վրա,
Կռվում են այնտեղ քաջերն ազգի...
Իմաստախոհ բանաստեղծն անհանգիստ է։ Ամեն տեղ ու ամեն ինչում չէ, որ թշնամին է մեղավոր. «Դրախտավայրը մենք Դժբախտավայր ենք դարձրել...»։
Իրենց գրով, ածու-եզերքով գոհ բանաստեղծներ էին Համո Սահյանը և Վահագն Դավթյանը։ Նրանք մեր բաժին կապույտ մոլորակ Հայաստանի տերերն էին, իրավունք ունեին զգաստացնելու ժողովրդին, տագնապելու. «Գնանք, օտարի դռները բախենք, Թերմացքներ մուրանք, որ սովը թաղե՞նք... Ավելի լա՞վ չէ, որ մեզ ազգովի Այս անկախության պարանով կախենք...»։
Հպարտ, հզոր, տագնապներ ունեցող, հողեղեն ու տեղով հող ու ժայռ, հայաստանոտ բանաստեղծներ... Եվ վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանի ձայն` տրված, ասես, ծլունակ մեր Ապրիլին... Բանաստեղծներին ու ասմունքողին շնորհակալություն ասելուց առաջ հիշեցնենք, որ համերգի ռեժիսորն էր արվեստի վաստակավոր գործիչ Նիկոլայ Ծատուրյանը, երաժշտական ձևավորումը արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մանուկյանինն էր, իսկ ամենագլխավորը` առաջին անգամ հովանավորվեց պոեզիան, գլխավոր հովանավոր` «Ավանգարդ մոտորս» (Էդուարդ Ավետիսյան)։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 10819

Մեկնաբանություններ